ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսական կողմի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 4–ին էլ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ` 83 մասնագետներից բաղկացած խումբը կրկին ժամանել էր Սիրիա։
Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալում են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: