ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Երևանյան բնակարաններից մեկի լոգարանում երեկ 12–ամյա երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Հունիսի 4-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–հայտնում է ԱԻՆ–ի լրատվականը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակարանի լոգասենյակի դուռը բացվել է քաղաքացիների ուժերով. ներսում՝ անգիտակից ընկած է եղել Ա.Պ.-ն, ով տեղափոխվել է հյուրասենյակ:
Ժամը 16:44-ին շտապօգնության բժիշկը արձանագրել է Ա.Պ.-ի մահը (Արցախի Հանրապետության քաղաքացի, ծնված 2007 թ.):
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը համապատասխան հոգեբանական աջակցություն է ցուցաբերել երեխայի՝ դեպքի վայրում գտնվող ուսուցչուհիներին և համադասարանցուն (ԱՀ քաղաքացիներ):