ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը վերականգնում է Կոմիտաս պողոտայի զավթված մայթը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը Վաղարշյան–Կոմիտաս խաչմերուկի մոտ գտնվող շենքի դիմաց կառուցված ապօրինի հարթակը որոշել է քանդել կառուցապատողին մի քանի անգամ զգուշացնելուց հետո։
«Կառուցապատողը յոթ մետր առաջ է գնացել և հարթակ է կառուցել` զավթելով մայթը։ Զգուշացրել ենք, հորդորել, որ քանդի, բայց ապարդյուն։ Հիմա էլ ասում է` դատարան եմ տվել, բայց քաղաքապետարանը որևէ ծանուցում չի ստացել»,– ասաց Կարապետյանը։
Նրա հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է տեխնիկան քանդում մայթին կառուցված հարթակը։