ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. WWDC 2019 համաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունեցել երեկ` հունիսի 3-ին, Apple-ը ներկայացրել է իր սմարթֆոնների, համակարգիչների, պլանշետների և այլ սարքերի համար նախատեսված օպերացիոն համակարգերի նոր թարմացումները: Սկսենք նրանից, որ iOS-ում ավելացվել է «մութ թեմա»: Օպերացիոն համակարգի մշակման փոխնախագահ Կրեյ Ֆեդերիգը վստահեցրել է, որ Face ID-ն 30 տոկոսով ավելի արագ է աշխատում, հավելվածների և համակարգի թարմացումները 50 տոկոսով «թեթև» են, իսկ ծրագրերը միանում են կրկնակի արագ: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:
iPad-ի համար մշակել են նոր օպերացիոն համակարգ, որը կկոչվի iPadOS: Ընկերությունը խիստ փոփոխություններ է արել համակարգում, քանի որ օգտատերերը բողոքել էին iPad Pro-ից` նշելով, որ iOS-ը նորմալ չի աշխատում պլանշետի վրա: Տեղեկացնենք, որ այժմ iPad-ը կարող է կրիչների հետ աշխատել Files ստանդարտ հավելվածի օգնությամբ: Ավելացվել են նաև տեքստերի հետ աշխատելու ժեստերը. կրկնօրինակելու, տեղադրելու և չեղարկելու գործողություններն անելու համար ընդամենը հարկավոր է նշել հատվածը և 3 մատով սահեցնել էկրանի վրա:
MacOS Catalina-ի նոր տարբերակում այլևս չի լինի iTunes նվագարկիչը: Դրա փոխարեն կհայտնվեն 3 նոր հավելված՝ Apple Music, Apple Podcasts և Apple TV: Գնված երաժշտություններն ու երգերը կերևան Apple Music հավելվածում:
Եվ վերջում ավելացնենք, որ ընկերությունը ներկայացրել է նոր Mac Pro-ն , որը գնային առումով ոչ բոլորին հասանելի կլինի:
Նոր Mac Pro-ում հնարավոր է տեղադրել 28–միջուկանի Intel Xeon պրոցեսոր, որը ամբողջ հզորությամբ կարող է աշխատել անընդհատ՝ հովացման նոր համակարգի շնորհիվ: Դրանից բացի, այն կարող է աշխատել մինչև 1,5 տերաբայթ օպերատիվ հիշողության հետ, իսկ նրա մեջ կարելի է տեղադրել 4 հատ AMD Radeon Vega Pro տեսաքարտ: Ամենասովորական Mac Pro-ի գինը կսկսի 6000 դոլարից, իսկ մոնիտորի համար պետք է վճարել հավելյալ 5000 դոլար: Պետք է նաև հաշվի առնել նաև, որ մոնիտորի ոտքերն էլ ևս 1000 դոլար արժեն: