ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը։ Facebok սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Քիչ առաջ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Հիշեցնեմ, որ նույն դատարանի չագուչով ու պատմուճանով և իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով առանց պաշտպանի ներկայության դեռևս 30.12.2018թ-ին բավարարել էր»,– գրել է նա։
2008-ի մարտին տեղի ունեցած իրադարձությունների գործը քննած, քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ 2018-ի դեկտեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը նաև մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Ինչպես են հայտնի պաշտոնյաները հասցնում փախչել ձերբակալվելուց առաջ. «Ժողովուրդ»
Դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց, բայց Վերաքննիչ դատարանը վերացրեց այս որոշումը։
Հետո առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։
Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության:
«Կանչել են, սիրով գնացել եմ, սիրով ցուցմունքներ եմ տվել». ՀՔԾ նախկին պետին հրավիրել են ՀՔԾ
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների տեղեկությունների` Վահագն Հարությունյանը Հայաստանում չէ։