ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում այսօր՝ մայիսի 2-ին բացվեց ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի՝ Հենրիխի հոր անվան խաղադաշտը:
Խաղադաշտը կառուցել է համայնքը՝ պետական բյուջեի հաշվին:
Բացմանը ներկա էր շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, համայնքապետ Ավետիք Մխիթարյանը և Համլետի արդեն աշխարհահռչակ որդին՝ Հենրիխ Մխիթարյանը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ելույթում շեշտեց, որ սիրված ֆուտբոլիստի՝ Հենրիխի այցը շատ կարևոր նշանակություն ունի այս փոքր համայնքի համար և մեծ ոգևորություն կհաղորդի պատանի ֆուտբոլիստներին, որոնք կրկնապատկված եռանդով կմարզվեն՝ աչքի առաջ ունենալով Հենրիխի բարձունքին հասնելու տեսլականը:
Հենրիխ Մխիթարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իր հոր հիշատակը վառ պահելու և մարզադաշտը նրա անունով անվանակոչելու համար ու նշեց, որ նույնիսկ հուզված է, որ հիշում են նրա Համլետ Մխիթարյանին ու նրա խաղը:
Հենրիխը հույս հայտնեց, որ նման խաղադաշտերում ի հայտ կգան աշխարհահռչակ նոր ֆուտբոլիստներ:
Պաշտոնական արարողություններից հետո մեկնարկեց խաղադաշտի առաջին խաղը՝ Սպանդարյան համայնքի թիմի և մարզական լրագրողների հավաքականի միջև:
Ի դեպ, չնայած տեղացիներն ավելի սովոր էին Շիրակի կիզիչ արևին, խաղն ավարտվեց մարզական լրագրողների հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով: