Երևանում բացված նոր զբոսայգում մոտ 10 հազար ծառ են տնկել, իսկ կառուցելու ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Երևանի գլխավոր պողոտայի զբոսահամալիրը, որը գտնվում է Սարյան-Մաշտոց հատվածում, արդեն պատրաստ է հյուրեր ընդունել. այսօր կայացել է այգու բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է «Տաշիր» ընկերությունների խումբը։
Լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ և զբոսանքի գոտիներ, տարածքի ընդհանուր կանաչապատում և բարեկարգում. այս ամենն այսօրվանից հնարավորություն ստացան գնահատելու ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։
«Զբոսայգում տնկվել են մոտ 10 հազար տնկիներ: Զբոսայգու բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոյեկցիայով ցայտող շատրվանների անսամբլն է, որը թույլ է տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային էֆեկտներով շոուներ երաժշտության ուղեկցությամբ: Շատրվանները բաղկացած են 600 ջրային շիթերից, որոնք ցայտում են մինչև 90 մետր բարձրությամբ և բարդ տեխնիկական շոուներ ու հնարքներ ստեղծելու հնարավորություն տալիս»,–նշված է հաղորդագրության մեջ:
Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին 2015թ.–ին: Շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը համոզված է, որ նոր համալիրը կդառնա մայրաքաղաքի նորացման խորհրդանիշը, մեր քաղաքի ամենասիրված և ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: