ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։ Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ»,– գրել է Մեդվեդևը:
Նա ընդգծել է Փաշինյանի մշտական ուշադրությունը Ռուսաստանը և Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին:
Մեդվեդևի խոսքով` ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջող իրագործվում են համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում: Խորանում է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
«Համոզված եմ, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների երկարաժամկետ շահերին»,– նշված է ՌԴ վարչապետի ուղերձում:
Մեդվեդևը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:
Հիշեցնենք` Փաշինյանն այսօր դարձավ 44 տարեկան։ Նա ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին Իջևան քաղաքում: