ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն Ամստերդամում հերոսական արարք է դրսևորել` փրկելով խանութներից մեկի աշխատակցի կյանքը։ Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրում է Մելինեի ընկերներից մեկը` Արթուր Մինասյանը, որը նույնպես Ամստերդամում է։
«Դանակով զինված երկու դիմակավորված անձ Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելը, այդ պահին գնումներ էր կատարում և, տեսնելով տեղի ունեցողը, աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց»,–գրել է նա։
Մինչ ոստիկանությունը տեղ է հասել, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով հարվածներ հասցնել Մելինեի կրծքավանդակին ու մեջքին։ Ըստ Արթուր Մինասյանի գրառման` Մելինեն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել կողոպտիչներին փախչել։
«Մելն այժմ հիվանդանոցում է, վիճակը՝ կայուն։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Դալուզյանը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում։
Մելինե Դալուզյանը Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ արգելված դեղամիջոցներ է օգտագործել. ՄՕԿ
Դալուզյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիր է։ 2006 ու 2010 թվականներին աշխարհի առաջնություններում բրոնզե մրցանակակիր է։ Մեծ իրարանցում է առաջացրել նրա մասնակցությամբ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմը։