ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Ադրբեջանցի ոստիկանները Բաքվում կանգնեցրել են անգլիական «Արսենալ» ակումբի երկրպագուներին, որոնց հագին «Մխիթարյան» գրությամբ շապիկներ են եղել։
«Զինագործներին» կարգելեն մարզվել Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով. ԶԼՄ
Մայիսի 21-ին Լոնդոնի «Արսենալ» ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ակումբը բավարար չի համարել ՈւԵՖԱ–ի` անվտանգության երաշխիքների մասին պնդումները։
Օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որում երևում է` ինչպես են ոստիկանները մոտենում երկու օտարերկրացու, որոնց շապիկներին «Mkhitaryan» է գրված։ Հետո մահակներով զինված ոստիկանը ռացիայով զրուցում է ինչ–որ մեկի հետ և հրահանգներ ստանալուց հետո բաց թողնում «Արսենալի» երկրպագուներին։
Նշենք, որ զինագործները մտավախություն ունեին, որ Մխիթարյանը խնդիրներ կունենա Ադրբեջանում, քանի որ Հայաստանի ու այլ երկրների` հայկական ազգանուններով քաղաքացիները նախկինում բախվել են նման բարդությունների։ Մխիթարյանն ավելի վաղ երկու անգամ բաց է թողել ադրբեջանական թիմերի հետ խաղերը։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այս խաղին չմասնակցելու որոշումը հեշտ չի եղել։
Բաքուն խոչընդոտ չէ. Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վայելել երկրպագուների սերն ու հարգանքը
Միաժամանակ համաշխարհային ֆուտբոլի ականավոր ներկայացուցիչները` Արսեն Վենգերը, Յուրգեն Կլոպն ու շատ ուրիշներ, քննադատել են ՈւԵՖԱ–ին` ԵԼ–ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որը կկայանա «Արսենալի» ու «Չելսիի» միջև, կկայանա մայիսի 29-ին։