ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. «Արսենալի» երկրպագուներն Ադրբեջանի մայրաքաղաքում երգել են Ղարաբաղի մասին։ Այս մասին է վկայում համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ երկրպագուները երգում են.
«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում տարել ենք բոլորի գլուխը։ Հիմա մենք Բաքվում ենք` Եվրոպա լիգայի գավաթը տուն վերադարձնելու համար» (We’ve been to Karabakh and everywhere
Shagged brasses in Cologne
And now we’re off to Baku
To Bring Europa home...)
Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Արսենալի» երկրպագուների երգը YouTube–ում քաղաքական «փոթորիկ» չի առաջացրել։ Միայն մեկ–երկու մեկնաբանություններ են, որ անդրադարձել են արցախաադրբեջանական թեմային։
Հիշեցնենք` «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնել Բաքու և չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է այսօր` մայիսի 29–ին:
Համացանցում, սակայն, տեսանյութեր են հայտնվել, որտեղ «Արսենալի» երկրպագուները Բաքվի փողոցներում շրջում են «Մխիթարյան» գրությամբ 7–րդ համարի մարզաշապիկներով։
Նշենք, որ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը նախանշված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 23:00-ին: