ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հավայան արշիպելագի Մաուի կղզում շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The Guardian–ը։
Հավայան կղզիների հողային և բնական պաշարների բաժնի ներկայացուցիչ Դեն Դենիսոնը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը։
65 տարեկան տղամարդը, որի անունը չի նշվում, լողացել է ափից 60 մետր հեռավորության վրա։ Պատահարի ականատեսը հարևան հյուրանոցից ահազանգել է, և Մաուիի հրդեհային ու հասարակական անվտանգության բաժինը ջրային մոտոցիկլետ և ուղղաթիռ է ուղարկել, որպեսզի գտնի մարդուն և ափ հանի։
Դենիսոնը նշել է, որ լողափին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, տեղադրված են եղել նախազգուշացնող նշաններ։
Տարեսկզբից ի վեր սա շնաձկան երրորդ հարձակումն է Հավայան կղզիներում։