ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95–ամյակի կապակցությամբ Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Ֆրանսիա ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, բացվել է մաեստրոյի հուշատախտակը:
Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր հիմնադրամի» Instagram–ի էջից։
Посмотреть эту публикацию в Instagram
«Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանի և «Ազնավուր հիմնադրամի» համագործակցությամբ հուշատախտակ է բացվել այն շենքում, որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Facebook-ի իր էջում նշել է, սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ երաժշտի հիշատակին:
«Փարիզը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը: Նա մեր քաղաքի սիրելի զավակն էր, այն քաղաքի, որը սիրում է բոլորին, ովքեր ժամանում են օտար երկրներից և իրենց հետ բերում հարստություններ ու պարզություն» »,- գրել է Իդալգոն և հավելել, որ Ազնավուրի հիշատակի միջոցառումները կշարունակվեն երեկոյան քաղաքապետարանի բակում տեղի ունենալիք համերգով, որը Փարիզի երկինքը կդղրդացնի այս հանճարեղ պոետի անմոռանալի երգերով։
Մայիսի 22-ին լրանում է լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։