ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ադրբեջանը խախտել է իր պարտավորությունները ԵԱՀԿ–ում` նախատեսված զորավարժությունների մասին նախօրոք չհայտնելով կազմակերպությանը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով` լայնամասշտաբ զորավարժությունների մասին նախօրոք տեղեկացնելը Ադրբեջանի պարտավորությունն է։
«Նրանք պետք է հաղորդեին ԵԱՀԿ համապատասխան կառույցներին։ ԵԱՀԿ–ին չծանուցելն այդ պարտավորության խախտում է, որը չի նպաստում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», – ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` բնական է, որ արդեն վաղը այդ հարցը կբարձրացվի ԵԱՀԿ–ում։
Նաղդալյանը նշեց նաև, որ Հայաստանը նախևառաջ հույսը դնում է սեփական ուժերի վրա, և հենց այդ վստահությունն է թույլ տալիս խաղաղություն պահպանել։
Հիշեցնենք, որ մայիսի 20-24–ն Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է կազմակերպել։ Նշվում է, որ զորավարժությունների հիմնական թեման է գիշերային ժամերին հակառակորդի հարձակումը հետ մղելը, տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելն ու գրոհի անցնելը։ Ըստ տեղեկության` զորավարժություններում ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, տանկեր և 150 միավոր այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, ինչպես նաև մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ։