ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ փողոցներ, ճանապարհներ փակելով չէ, որ պետք է խնդիրները լուծել, այլ ավելի քաղաքակիրթ ձևերով, քանի որ փողոց փակելն ամբոխային մտածելակերպի արդյունք է։ Ծատուրյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Ոչ միայն Հայաստանում, այլ նաև բոլոր երկրներում հասարակության 70 տոկոսն ամբոխ է, 20 տոկոսը` ժողովուրդ և ընդամենը 10 տոկոսն է ազգ։ Խնդիրն այն է, որ մենք` հայերս, քիչ ենք, և մեր մեջ ավելի ցցուն է երևում ամբոխի առկայությունը։ Վիկտոր Համբարձումյան, Տիգրան Մանսուրյան, Հրանտ Մաթևոսյան, Փարաջանով` նրանք են, որ ազգին են ներկայացնում»,–ասաց նա։
Նրա խոսքով` հասարակության մեջ տարակարծությունները, անհանդուրժողականությունը ոչ մի լավ տեղ չեն տանի, քանի որ, ինչպես Նժդեհն էր ասում, մեր ուժը միասնության մեջ է։ Ըստ նրա` ժողովրդի ներսում տարաձայնությունները հանգեցրել են նրան, որ հսկայական Հայաստանը քարտեզի վրա «ծտի ծերտի» չափ է դարձել։ Ամբոխային հոգեբանությունը, վստահ է Ծատուրյանը, համահարթեցնում է ամեն ինչ. մենք գոռգոռացող ենք, այնինչ` պետք է գործ անել։ Մշակութային գործիչը կարծում է, որ վերլուծելու բացակայությունից է գալիս ամեն ինչ։
Ամբոխավարությունը, ամբոխի հոգեբանությանը տրվելը, ըստ նրա, ճիշտ չէ։ «Հիմա որ ասեմ` հիացած եմ Փաշինյանով կամ ատում եմ նրան, սուտ կլինի։ Ես տեսնում եմ թե՛ լավը, թե՛ վատը։ Կնոջս հետ մեկ–մեկ վիճում եմ, քանի որ նա փաշինյանապաշտ է։ Օրինակ, երբ նա ասում է` Փաշինյանը մեծ բան արեց, որ երեք նախագահներին էլ պատմության գիրկն ուղարկեց, այո, ես համաձայն եմ։ Սակայն, մյուս կողմից, կարծում եմ` եթե Փաշինյանի փոխարեն լիներ ասենք` Սողոմոն Սեյրանյանը, էլի նույնը կաներ, քանի որ փոփոխությունների պահը հանրության մոտ հասունացել էր»,–ասում է Ծատուրյանը։
Նա ասում է, որ վերապահությամբ է մոտենում նրանց, ովքեր կա՛մ շատ են հայհոյում Փաշինյանին, կա՛մ էլ նրա արևով են երդվում։
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի հասարակությունը ճամբարների չբաժանվի` Ծատուրյանը պատասխանեց, որ նախ մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի։ Նրա բնութագրմամբ` մենք շատ եսակենտրոն ենք, հայրենիքը սիրում ենք միայն բաժակաճառերի միջոցով։ Սակայն եթե հայրենիքի կենացը խմողին հարցնես` բանակ կգնա՞ս, նա մատը վեր տնկած խեթ–խեթ քեզ կնայի։
Միասնականության հասնելու համար մի քիչ ավելի մասշտաբային է պետք մտածել։ «Հենց մեր եսը մի քիչ երկրորդ պլան գնա ու մտածենք հայրենիքի մասին` Հայաստանը կարող է երկիր դառնալ։ Ես թատերական ինստիտուտում 83 000 դրամ եմ աշխատավարձ ստանում, սակայն դա չի նշանակում, որ, օրինակ, այսօր պիտի գայի ու ուսանողներիս ասեի` հերիք է, ուսումնական տարվա վերջին 4 օրն էլ դաս չենք անի, գնացեք տուն։ Ամեն մեկն իր գործին պետք է պատասխանատվությամբ մոտենա, իսկ հիմա` մենք ենք, մեր ճահիճը` ընկած կռկռում ենք»,–ասաց նա։
Լավագույն երկիրն այն երկիրն է, որը, ըստ նրա, չունի խիստ դատավոր, բայց ամեն մեկը հասկանում է իր մեղքի բաժինը։ Ինչ վերաբերում է կուսակցություններին, քաղաքական այս կամ այն գործիչներին, ապա Ծատուրյանն իր կուսակցությունն է բացել` այն էլ վաղուց. արվեստ, դա է նրա կուսակցությունը։ «Իմ կուսակցությունն արվեստն է, թե չէ` ես ինչ գործ ունեմ` ՀՀԿ է, ԱԳԼՃԿ է, ՄՄԿ է...»,–ասաց նա։
Նրա խոսքով` ոչ թե գեղեցկությունը, այլ հումորը կփրկի աշխարհը. եթե մարդիկ հումորով լինեն, պատերազմ էլ չի լինի։