ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռորդու նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին:
Ըստ քրեական գործի նյութերի` 51 տարեկան մեղադրյալը 2019թ. փետրվարին կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճեն և դրա հիման վրա նշանակվել բաժնի պետ-տնօրենի տեղակալ:
Ինչ վերաբերում է դիպլոմը կեղծելուն, նախաքննությունը պարզել է, որ նա այլ անձի պատկանող դիպլոմի պատճենում համակարգչային եղանակով ջնջել է անձնական տվյալներն ու դրանց փոխարեն ավելացրել իրենը` ձեռագիր նշումներով, ապա պատճենահանել է կեղծված տարբերակն ու այն ներկայացրել աշխատավայր` նոր պաշտոնի ակնկալիքով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մեղադրական եզրակացությունը ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք` մամուլում առկա հրապարակումների համաձայն` դիպլոմի կեղծման գործով մեղադրվողը ՀՀ վարչապետի քեռորդի Մամիկոն Հովհաննիսյանն է։
2019թ–ի ապրիլի 4-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում էր արել և հայտնել, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
«Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,– գրել էր Փաշինյանը։
Ավելի ուշ նա հրաժարվել էր այլ մանրամասներ հայտնել` առաջարկելով սպասել պաշտոնական հայտարարության։