ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հաջորդ տարվա սկզբից կսկսեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները»,– ասաց նա:
Մեսչյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքները։
«Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, ոչ թե ճարտարապետությամբ: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,– ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագիրը մտել է գործնական փուլ։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը «Աջափնյակ» կհասնի 525 մ երկարության թունելով:
Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում: