ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը։ Sputnik Արմենիային կոնսերվատորիայի լրատվության ծառայության ղեկավար Գևորգ Մնացականյանը հայտնեց, որ քիչ առաջ ավարտվել է քվեարկությունը։
«Ռեկտորի պաշտոնի համար երկու մարդ էր թեկնածություն ներկայացրել` Սոնա Հովհաննիսյանը և բուհի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը։ Ձայների մեծամասնությամբ` 15-8 հարաբերակցությամբ, ռեկտոր ընտրվեց Հովհաննիսյանը»,–հայտնեց Մնացականյանը։
Նշենք, որ բուհի ռեկտոր Շահեն Շահինյանն 2018–ին ազատվել էր աշխատանքից` սեփական դիմումի համաձայն։ Դրանից հետո դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել։