ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ազգային ժողով մուտք գործող պատգամավորներին առավել խիստ ստուգելու մասին որոշման մեջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհուրդ է տալիս այլ ենթատեքստ չփնտրել։ Այս մասին այսօր պատգամավորն ասաց ԱԺ ճեպազրույցների ժամին` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշեց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վերահսկողության խստացում նկատել է, բայց դրանում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
«Համենայնդեպս ես չէի ցանկանա որևէ ուղղվածություն, ուղղորդում, միտում տեսնել բացառապես ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Կարծում եմ` դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով, և բոլոր այն մարդիկ, ովքեր թաքցնելու բան չունեն, դրանից պիտի որևէ դիսկոմֆորտի մեջ չընկնեն»,– ասաց Տոնոյանը։
Այդուհանդերձ, պատգամավորը հաստատեց, որ եթե խորհրդարան մուտք է գործում տնտեսական մուտքից, առանց ավտոմեքենայի, այդ դեպքում իր պայուսակը ևս ստուգում են։
«Ուրիշներին ստուգելու գործընթացին ես ներկա չեմ եղել, բայց չեմ պնդում, որ միայն ընդդիմադիրներին են ստուգում»,– ասաց նա
Հիշեցնենք` ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել էր, որ վերջին օրերին ԱԺ տարածք մուտք գործելիս իրեն ու իր ծառայողական ավտոմեքենան ստուգում են խստացված ռեժիմով։ Զոհրաբյանը շեշտել էր, որ եթե օրվա մեջ 10 անգամ մտնի ԱԺ, 10 անգամն էլ մանրազնին ստուգվում է։
Գրեթե միաժամանակ նույն խնդրի մասին էր բարձրաձայնել նաև ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա այդ խնդրով դիմել էր նաև վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։