ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ:
Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետևել հերթական նիստի աշխատանքին:
Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու պատգամավորները ջերմորեն ողջունել են նրանց:
Այնուհետև խորհրդարանի Կարմիր սրահում՝ թեյի սեղանի շուրջ, վետերանների հետ են հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նրանց ունեցած մեծ դերն ու նշանակությունը, մաղթել քաջառողջություն:
«Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջև»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Մայիսյան տոների կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին շնորհավորել և նրանց հետ լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Գոռ Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Վահագն Թևոսյանը և Վահե Հովհաննիսյանը:
Հյուրերի անունից շնորհակալական խոսք է ասել Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:
Մասնակիցներին հանձնել են հուշանվերներ: