ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր իշխանությունները պետական փաստաթղթերի ոչնչացման փաստը հայտնաբերել են մեկ տարի առաջ` իշխանափոխությունից հետո։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` առավել հանգամանալից ներկայացնելով ժամեր առաջ մամուլի ասուլիսում արված իր հայտարարությունը։
«Նույնիսկ ճիշտ չէ ասել` ոչնչացվել են, ավելի ճիշտ կլինի ասել տեղում չեն։ Կարող է վառվել են, կարող է ոչնչացվել են, կարող է գողացվել են»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնեց, որ այժմ ծառայողական քննություն է ընթանում, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի և հանրությանը որոշակի տեղեկություններ կհայտնեն։ Այս պահին ԱԱԾ–ն և Փաշինյանն այլ տվյալներ չեն հայտնում։
Նրա խոսքով` անհետացած փաստաթղթերը հիմնականում վերաբերել են մարտի 1-ին և ընդգրկել փաստերի ու անձանց լայն շրջանակ։
Հիշեցնենք` այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, Փաշինյանն ասել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։