ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանում մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար, ու հիմա մի շարք մայրեր կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք` չկատարելով խոստումը: Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչև 8000 դոլար է կազմել»,–գրում է թերթը։
Իրավապահները պարզել են, որ ոմն Նվարդ Օսիպյանը ՀՀ մի շարք քաղաքացիների ներկայացել է որպես բժշկական հիմնարկների, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից և հավաստիացրել, որ կարող է մի շարք զորակոչիկների ազատել ծառայությունից։ Նա մայրերից գումարներ է վերցրել և չի կատարել խոստումը։ Մեղադրանք է առաջադրվել ինչպես այդ կնոջը, այնպես էլ նրան գումար փոխանցած մի շարք ծնողների։ Օրինակ` Սոֆյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել իր տղային` Կարեն Դավթյանին զորամասից հոսպիտալ տեղափոխելու և ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար Օսիպյանին 2500 դոլար կաշառք տալու համար։
«Նվարդ Օսիպյանի թիրախում հայտնվել են կոնկրետ մարդիկ։ Մասնավորապես Վարդան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա որդուն` Թաթուլ Կիրակոսյանն ազատելու համար 2016 թվականին 6500 դոլար է կաշառք է տվել Նվարդ Օսիպյանին, սակայն նա խարդախությամբ հափշտակել է հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել»,– գրում է թերթը։
Թե ինչ որոշում կկայացնի դատարանն այդ մայրերի գործով, ցույց կտա ժամանակը: