ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի, Բելառուսի և Ղազախստանի պատանի ֆուտբոլիստները Երևանում չորս օրվա ընթացքում որոշելու են ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի հաղթողին:
Մայիսի 8-ին մեկնարկող մրցաշարի անվանումը նշանակում է, որ նման կարգի հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն բոլոր երկրների համար: Առավել ևս, որ խաղադաշտում պայքարի մեջ են մտնելու տարիքային երկու խմբերի` մինչև 14 և մինչև 15 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները:
Արդեն 3–րդ անգամ է, որ «Զարգացման գավաթ» մրցաշարն անցկացվում է Հայաստանում: Բնական է, որ նման մրցումների կազմակերպումը շատ կարևոր նշանակություն ունի ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի համար, քանի որ հուլիսի 14-27-ը Երևանը դառնալու է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մայրաքաղաքը:
Իսկ ինչ վերաբերվում է ի «Զարգացման գավաթի» մասնակիցներին ու խաղացանկին, ապա մինչև 15 տարեկան ֆուտբոլիստների մրցումներին մասնակցելու են չորս թիմեր: Առաջին տուրում Հայաստանի Մ15 հավաքականը մրցելու է Բելառուսի իր հասակակիցների հետ, իսկ մյուս զույգում ուժերը կչափեն Ուկրաինայի ու Կիպրոսի հավաքականները:
Մ14 տարեկանների մրցաշարին Հայաստանի հավաքականից բացի պայքարի մեջ են մտնելու ևս երկու երկրների` Ղազախստանի ու Բելառուսի հավաքականները։ Առաջին տուրում՝ մայիսի 8-ին, մեր ընտրանին մրցելու է Ղազախստանի թիմի հետ: