ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է եղել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻՆ–ին տրամադրված փրկարարական տեխնիկայի հանձնման արարողությանը։
«Ճապոնիան առաջնահերթ է համարում աջակցել աղետների կանխարգելման ոլորտին։ Սյունիքի, Լոռու , Շիրակի մարզերում առկա է ճանապարհային պայմաններին ու քաղաքային բնակավայրերին համապատասխան հրդեհային սարքավորումների պակաս։ Բացի այդ հակահրդեհային սարքավորումների մեծ մասը մաշված է ու անվտանգության առումով բավական թերի, ինչը խոչընդոտում է արագ հրդեհաշիջման աշխատանքներին և հանգեցնում վնասների մեծացմանը»,– պաշտոնական միջոցառմանը իր հայերեն լեզվով ելույթում ասաց ՀՀ—ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։
Ճապոնիայի կառավարության տրամադրած տեխնիկական միջոցները ՀՀ ԱԻՆ ղեկավարության որոշմամբ տրամադրվելու են փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային ստորաբաժանումներին։
Ճապոնիայի կառավարության նվիրատվությունը կազմում են 40 հրշեջ և 10 ամենագնաց մեքենա` 16 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։
«Հայ փրկարարը կարող է ոչ միայն փրկել իր համաքաղաքացիներին, այլև անհրաժեշտության դեպքում ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող այլ երկրների քաղաքացիներին` անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից»,– իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նաև շեշտեց, որ հայ փրկարարներն արդեն մի քանի ամիս հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում` փրկելով բազմաթիվ կյանքեր։
Պաշտոնական արարողությունից հետո բարձրաստիճան հյուրերը մոտիկից ծանոթացան փրկարարական տեխնիկային` ուսումնասիրելով դրանց կառուցվածքն ու գործառնական առանձնահատկությունները։