ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ճապոնիայում նոր 10000-անոց իեն կթողարկեն հայտնի գործարար և բարերար Էյիչի Շիբուսավայի պատկերով։ Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։
1922 թվականին Ճապոնիայում Շիբուսավան մարդասիրական օգնություն էր կազմակերպել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից փրկված հայերի համար։
1921 թվականին ճապոնացի գործարար և բարերարը հիմնադրամ էր ստեղծել հայ փախստականներին աջակցելու համար։
Շիբուսավան իր հետքն է թողել Ճապոնիայի նորագույն պատմության մեջ։ Նրան երբեմն ճապոնական կապիտալիզմի հայր են անվանում։ Շիբուսավան հայտնի է եղել որպես հաջողակ բանկիր և գործարար, բազմաթիվ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր, որոնց թվում են «Տոկիո գազը», «Իսիկավաձիմա Խարիման» և ճապոնական տնտեսության այլ ներկայիս հսկաներ։
Իր կյանքի ընթացքում նա հիմնել և կառավարել է մոտ 5 հազար ձեռնարկություն, միևնույն ժամանակ սոցիալական ուղղվածություն ունեցող նախաձեռնությունները, որոնց հետ առնչություն է ունեցել Շիբուսավան, շուրջ 600–ն են եղել։