Ֆլեշմոբ Գյումրիում. երթի մասնակիցները Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ էին հագել
Ֆլեշմոբ Գյումրիում. երթի մասնակիցները Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ էին հագել
Sputnik Արմենիա
Նախաձեռնության մասնակիցներին լուսանկարելու կամ ուղիղ եթերներ մտնելու հնարավորությունը բաց չէին թողնում ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները: 03.05.2019, Sputnik Արմենիա
Նախաձեռնության մասնակիցներին լուսանկարելու կամ ուղիղ եթերներ մտնելու հնարավորությունը բաց չէին թողնում ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մի խումբ դպրոցականներ և ուսանողներ այսօր՝ մայիսի 3-ին, քայլերթի էին դուրս եկել Գյումրիում: Չնայած անձրևոտ եղանակին՝ նրանք ֆրանկոֆոն երկրների պատմամշակութային կառույցները պատկերած բաճկոններով շրջում էին քաղաքի կենտրոնական փողոցներով` Թատերական հրապարակից մինչև Վարդանանց, և անցորդներին տեղեկատվական թերթիկներ էին բաժանում Հայաստանի պատմամշակութային կառույցների վերաբերյալ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությունը համախմբել էր ինչպես ծառայության աշխատակիցներին, այնպես էլ կամավորներին ու աշակերտներին:
ՊՈԱԿ-ի մարզային կառույցի ղեկավար Վալերի Նազարեթյանի խոսքով` միջոցառման նպատակը գյումրեցիներին ֆրանկոֆոն երկրների մշակույթին ծանոթացնելն է:
«Այս ընթացքում երեխաները ոչ միայն անցորդներին են ներկայացնում ֆրանկոֆոն երկրների հայտնի ճարտարապետական կառույցները, այլ նաև իրենք են ծանոթանում դրանց: Եթե ցանկացած հուշարձան հանրահռչակվի, ապա բոլորը կսկսեն հետաքրքրվել, ու հնարավոր է նաև դրանով լուծել շատ հուշարձանների վերականգնման խնդիրը», - նշեց Վալերի Նազարեթյանը:
Հայկուշ Հակոբյանը՝ Ֆրանկոֆոն երկրների տեսարժան վայրերի հանրառչակման երթի ընթացքում
Հայկուշ Հակոբյանը 15 տարեկան է, սովորում է Գյումրու թիվ 29 դպրոցում: Անկեղծանում է՝ առաջին անգամ է մասնակցում նմանատիպ ֆլեշմոբի: «Նախ մենք ենք ծանոթանում ֆրանկոֆոն երկրների պատմամշակութային կառույցներին, ապա դրանց մասին ներկայացնում եք անցորդներին: Շատ հետաքրքիր է՝ հատկապես նվագախմբի ուղեկցությամբ»,-անկեղծացավ Հայկուշը:
Գյումրիում ուսանողներն ու դպրոցականները, Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ հագած, շրջել են քաղաքում և տեղեկատվական թերթիկներ բաժանել
Ի դեպ, նախաձեռնության մասնակիցներին լուսանկարելու կամ ուղիղ եթերներ մտնելու հնարավորությունը բաց չէին թողնում ինչպես տեղացիները, այնպես էլ զբոսաշրջիկները:
Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելած Շվեյցարիայի քաղաքացի Յոհանա Հունդերթը, որը ֆլեշմոբի մասնակիցների մեջ նախ գտավ իր երկրի պատմական հուշարձանի նկարով մասնակցին, Sputnik Արմենիայի թղթակցին վստահեցրեց՝ նման ակցիայի առաջին անգամ է հանդիպում, բայց շատ հետաքրքիր է:
Ըստ զբոսաշրջիկի՝ այս ակցիան կարևոր է նաև նրանով, որ այս կառույցները ոչ միայն տվյալ երկրների հարստություններն են, այլ համամարդկային են: