ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Աշխատողի տարիքը չի կարող պատճառ դառնալ նրա հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` հայտարարելով, որ ցանկացած խտրականություն, այդ թվում` տարիքային, արգելված է Սահմանադրությամբ։
«Բայց մենք ամեն օր նման ահազանգեր ենք ստանում, որ նման խտրականության դրսևորումներ, այնուամենայնիվ, աշխատաշուկայում տեղի են ունենում»,– ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշեց, որ Սահմանադրությունը պետք է կիրառվի, բայց և անհրաժեշտ համարեց խտրական վերաբերմունքն արգելող դրույթի առկայությունը նաև «Աշխատանքային օրենսգրքում» ։
«Մենք այսօր ունենք խտրական վերաբերմունքի դեպքեր, մասնավորապես` սեռով պայմանավորված և տարիքային սահմանափակումներով պայմանավորված։ Գործատուներն այդ պրակտիկային երբեմն դիմում են, բայց նաև աշխատանքային օրենսգրքի սկզբունքները թույլ չեն տալիս արդյունավետ պաշտպանություն իրականացնել»,– ասաց Թաթոյանը։
Նշենք, որ քննարկման առիթը Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն էր` ՀՀ Աշխատանքային օրենսգրքում տարիքային խտրականությունն արգելող հոդված ներառելու վերաբերյալ։
Քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած առաջարկը։ Բայց վարչապետը ՀՀ ՄԻՊ–ին ու սոցապնախարարին առաջարկեց հեղինակի հետ քննարկել ու դիտարկել ոչ միայն տարիքային, այլև բոլոր այլ հնարավոր խտրականությունների դեպքերն արգելելու մասին նոր նախագիծ մշակելը։