ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մայիսի 1-ի գիշերը Երևանում տեղի ունեցած սպանությանը նախորդել է բազմամարդ խնջույքը։ Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած հանցագործությունից։
Գրիգորյան եղբայրները միջադեպից առաջ Արմավիրի մարզում բազմամարդ խնջույքի են մասնակցել: Ամեն ինչ սկսվել է խնջույքի ժամանակ: Անհիմն ծագած վեճը ուղեկցվել է հայհոյանքներով: Տեղի ունեցածը պարզաբանելու նպատակով էլ կողմերը հավաքվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների 1\1 շենքի բակում:
Վեճը հանգուցալուծվել է դանակահարությամբ: Վիրավոր եղբայրները, մեծ դժվարությամբ և արնաքամ լինելով, շենքի հետնամասից հասել են փողոց ու պատահական տաքսի կանգնեցրել՝ խնդրելով, որ վարորդը շտապ հիվանդանոց հասցնի: Շենգավիթ բժշկական կենտրոնի ճանապարհին եղբայրներից կրտսերը գիտակցությունը կորցրել է, հոսպիտալացվելուց քիչ անց էլ՝ մահացել:
Ավագ եղբայրը, որը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, Շենգավիթ բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն և այժմ գտնվում է այդ հիվանդանոցում:
Հիշեցնենք, մարտի 1-ի գիշերը ժամը 04։50-ի սահմանում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել։ Նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն է, վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։
Ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել կասկածյալին` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Սարգսյանին է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։
Սպանվածն ու կասկածյալը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված։ Նրանց վիճաբանությունը տեղի էր ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։