Երևանում այսօր մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են միության անդամ երկրների վարչապետները։
Մեկնարկից 50 րոպե առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցում էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Ավելի ուշ եկավ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա մի քանի րոպե զրուցեց Փաշինյանի հետ, ինչից հետո առաջ անցավ։ ՀՀ վարչապետը տանտիրոջ իրավունքով ՄՀՀ–ի մուտքի մոտ դիմավորում էր մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին։
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներից առաջինը ժամանեց Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, նրանք մի քանի խոսք փոխանակեցին և լուսանկարվեցին։
Վարչապետներն այբբենական կարգով էին ժամանում։ Հաջորդը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն էր, որի հետ նույնպես կարճ զրույց տեղի ունեցավ։ Այնուհետև ժամանեց Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի մեքենան։ Վերջում ժամանեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։