Հայի ֆենոմենն ու ծեր մարզադահլիճը. մեդալ ենք ուզում ու նվաճում, բայց որտե՞ղ ենք մարզվում
Հայի ֆենոմենն ու ծեր մարզադահլիճը. մեդալ ենք ուզում ու նվաճում, բայց որտե՞ղ ենք մարզվում
Sputnik Արմենիա
Երևանում 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը, մեղմ ասած, վատ վիճակում է, իսկ մենք զարմանում ենք, թե ինչու մեդալ շատ չունեցանք կամ բարձր հարգի չունեցանք: 29.04.2019, Sputnik Արմենիա
Երևանում 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը, մեղմ ասած, վատ վիճակում է, իսկ մենք զարմանում ենք, թե ինչու մեդալ շատ չունեցանք կամ բարձր հարգի չունեցանք:
Սպորտային մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, որի տնօրենն է լեգենդար Ալբերտ Ազարյանը, մեծերն ու պատանիները չեն կարող միաժամանակ մարզվել, որովհետև տեղ ու հարմարություն չկա: Պարզելու համար, թե ինչպիսի պայմաններում են մարզվում համաշխարհային տարբեր ստուգատեսներում Հայաստանը ներկայացնող հայ մարմնամարզիկները, այցելեցինք Երևանում դեռևս 1964 թվականին հիմնադրված մարզադպրոց։
Մարզիչներն աշխատում են` բացահայտելով նոր տաղանդների, Հայաստանի հավաքականի թեկնածուների հետ կատարվում է ամենօրյա աշխատանք, իսկ հավաքականի մարմնամարզիկները մարզվում են առավոտից մինչև 13:00–ն, որպեսզի հետո արդեն մարզադպրոցում մարզվեն մանուկ ու պատանի մարմնամարզիկները: Կարճ ասած, նման գրաֆիկ է սահմանվել մարզադահլիճի փոքրության պատճառով:
Լավ, մարզադահլիճի փոքր լինելու խնդիրը այսպես լուծել են: Իսկ բարձր կարգի մարզիկների դժվարին ու ինչ–որ տեղ էլ վտանգավոր մարզումները ինչպե՞ս են ապահովվում նման պայմաններում: Պարզապես բարդ վարժությունները համարյա չեն փորձարկվում. վտանգավոր է: Իսկ հետո էլ զարմանում ենք, թե ինչու մեդալ շատ չունեցանք կամ բարձր հարգի չունեցանք:
Սակայն այս ամենին հակառակ մեր մարմնամարզիկները մեդալներ նվաճում են, այն էլ տարբեր կարգի մրցաշարերում, ու այդ թվում աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթի խաղարկություն և Եվրոպայի առաջնություն: Մարզիչները մեզ պատմեցին, որ Թայվանի հավաքականի որոշ մարմնամարզիկներ ցանկություն են հայտնել մարզվել հայ մարզիկների հետ Հայաստանում, բայց տեսնելով մարզադահլիճը անմիջապես հրաժարվել են այդ մտքից ու զարմացել, թե որտեղ են մարզվում մեր մարմնամարզիկները:
Ազատ վարժությունների համար այստեղ ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվում, քանի դեռ նորոգված չէ մարզադահլիճի հատակը: Հենց հատակի վատ վիճակի հետ կապված էլ չի տեղավորվել նոր գորգը, որն ամրապնդվում է զսպանակներով: Այսինքն բազմամարտիկի համար արդեն իսկ մեծ խնդիր կա:
Պտտաձողը, որը վերջերս է տեղադրվել, առայժմ այնքան էլ չի օգնում մեր մարմնամարզիկներին, որովհետև շատ է տարբերվում հնից, իսկ մերոնց համար ժամանակ է հարկավոր, որ վարժվեն դրան: Հինը մի կերպ ամրացված է թեթև վարժություններ կատարելու համար:
Նժույգաթափերն էլ խնդիր ունեն: Մեր մարզիկները մարզվում են մի մարզասարքի վրա, գնում են մրցումների, իսկ այնտեղ լրիվ այլ նժույգաթափ է: Իսկ այս վարժության համար կարևոր են նույնիսկ միլիմետրերը:
Հենացատկի վազքուղին, մեղմ ասած, շատ հին է: Փոսը, որի վրա վայրէջք են կատարում ցատկողները, այնքան էլ ապահով չէ ու միայն վերջերս է ավելի լավ հարմարեցվել մարզումներին:
Միայն օղակների համար քիչ թե շատ պայմաններ կան, որովհետև նոր մարզասարք է տեղադրվել: Բայց սա էլ հարաբերական նշանակություն ունի: Հենց այս պատճառներով էլ մեր հավաքականի մարզիկները ձգտում են մի քանի օր ավելի շուտ մեկնել մրցավայր` մրցումային գործիքներին «ծանոթանալու» համար: Բայց դա էլ միշտ չի հաջողվում:
Ռուսաստանի մարմնամարզության հավաքականը, իմանալով, թե ինչ ֆիրմայի մարզագույք է տեղադրված լինելու մրցաշարերում, հենց այդ ֆիրմայի մարզագույքն է անմիջապես տեղադրում սեփական դահլիճում: Պարզ է, որ արդյունքը սպասել չի տալիս:
Երբ հայերը որևէ մրցաշարի են մասնակցում, բոլորն անհամբեր սպասում են մեդալների։ Հաղթել, անկասկած, ուզում են բոլորը, բայց հաղթանակի ու մեդալների համար կամքն ու ցանկությունը քիչ են։ Այնպես որ մեր մարզիկների ու մարզիչների ֆենոմենը շարունակում է զարմացնել. ինչպե՞ս են տղաները կարողանում նման մարզադահլիճում մարզվելուց հետո մեդալ վաստակել։ Համարյա չլուծվող գլուխկոտրուկ է:
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
Հ.Գ. Մենք տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է վերանորոգել մարզադահլիճը: Իհարկե, շատ լավ նորություն է: Բայց հարց է առաջանում` այդ դեպքում որտեղ են մարզվելու մարզիկները: Չէ՞ որ մարմնամարզության համար այլ մարզադահլիճ չկա: