ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական Առաջին ալիքը եթերից հանել է ««Ձայնը. ամենաբարձր նոտայի վրա» վավերագրական ֆիլմը, որը նվիրված էր «Ձայնը. երեխաներ» նախագծի վերջին եթերաշրջանի մասնակիցներին։
Նման բան առաջին անգամ է տեղի ունենում. սովորաբար հեռուստանախագծի եզրափակիչ փուլի հաջորդ օրը եթեր է հեռարձակվում մասնակիցներին նվիրված վավերագրական ֆիլմը։
Հայտնի է, որ ֆիլմը նախապես է պատրաստվում, ավելի ուշ ավելացնում են հաղթողի անունը։ Նշանակված ժամին այս անգամ եթերում է հայտնվել բոլորովին այլ ֆիլմ, որը որևէ կապ չունի այդ նախագծի հետ։ Առաջին ալիքն առայժմ չի պարզաբանել պատճառը։
Նշենք, որ «Ձայնը․ երեխաներ» շոուի սուպերեզրափակիչ փուլում երեկ հաղթել է երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Շատերը կասկածի տակ են դրել հաղթանակի արդարացիությունը։ Ալսուի դստեր հաղթանակից հետո որոշել են ստուգել քվեարկության արդյունքները:
Աբրամովան հաղթել է հանդիսատեսի քվեարկության արդյունքում՝ ստանալով հեռուստադիտողների քվեների 56,5 տոկոսը։