ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանում ստվերից դուրս է բերվել կամ ստեղծվել է 50 հազար աշխատատեղ: Այս այսօր առավոտյան Facebook-յան ուղիղ հեռարձակման ժամանակ հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ անդրադառնում է այս խնդրին, որովհետև նույնիսկ, երբ ՊԵԿ-ը հանդես եկավ պարզաբանմամբ, շարունակեցին կասկածի տակ առնել այս թիվը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իհարկե, մեծ մասը ստվերից դուրս բերված աշխատատեղեր են:
«Այստեղ էականն այն է, որ 2019 թվականի հունվարի 2018-ի համեմատ 50 հազարով ավելի աշխատատեղ է գրանցվել Հայաստանում:
Օրինակ` մեծածախ և մանրածախ առևտուր, մեքենաների և մոտոցիկլների նորոգում. այս ոլորտում 2019-ի հունվարին 2018-ի համեմատությամբ 16 հազար 427 աշխատատեղի աճ կա, մշակող արդյունաբերություն՝ 9500 աշխատեղի աճ, հանրային սննդի կազմակերպում՝ 8334 տեղի աճ, սպասարկման այլ ծառայություններ՝ 5774 տեղի աճ, տեղեկատվության ոլորտում՝ 2600 տեղի աճ»,–իր ձեռքի տակ եղած փաստաթղթի տվյալներն է ներկայացրել ՀՀ վարչապետը:
Վարչապետը նաև հավելեց, որ որևէ մեկը չպետք է կասկածի տակ առներ այդ թիվը, որովհետև ոչ թե կառավարությունն է գնացել հայտնաբերել դրանք, այլ ընկերություններն իրենք են հայտարարագրվել:
«Ես սա համարում եմ մեր քաղաքացիների, մեր գործարարների իրավագիտակցության բարձրացում ու իրավիճակի նկատմամբ ըմբռնման բարձրացում: Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 50 հազար 141-ով և սա իրական թիվ է»,–ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում, Փաշինյանը հայտարարել է, որ իր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։