ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Տարբեր մատակարարումները, որ պետք է իրականացվեն մինչև տարեվերջ, մյուս տարվա ընթացքում` բոլորի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, այլ մանրամասներ այս պահին չեմ կարող ներկայացնել։ Խոսելով Մոսկվա կատարած իր վերջին այցի մասին` այսօր լրագրողների ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով` երբ զինամթերքը մատակարարվի, այն ժամանակ հնարավոր կլինի ավելի մանրամասն խոսել այդ թեմայով։
Անդրադառնալով տեղեկությանը, թե Հայաստանի տարածքում գործող ռուսական ավիաբազայում ևս Սու–30 ինքնաթիռներ են տեղաբաշխվելու, ՀՀ ՊՆ–ն ընդգծեց. «Ռուսական բազան ժամանակի ընթացքում մոդեռնիզացվելու է, և համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի և քանակի վերաբերյալ»։
Պատասխանելով ամերիկյան զենք գնելու` ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկի մասին հարցին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շուկան ուսումնասիրվում է որակի, տեսակի և գնի տեսանկյունից։ «Եթե առաջարկները մեզ հարմար լինեն` ինչու ոչ»,–ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: