ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզն ունեցել է կին մարզպետ, համայնքի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ և ավագանու կին անդամներ, սակայն շատերը դեռ չեն ազատվել հին մտածելակերպից ու կարծրատիպից. կանանց դերը խոհանոցում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս խնդրի մասին խոսեցին Կանանց իրավունքների տուն կազմակերպության անդամները, որոնք ապրիլի 22-ին Շիրակի մարզպետարանում կազմակերպել էին «Կանանց տեղը քաղաքականությունում է» խորագրով հանդիպում-քննարկումը։
Մարզպետարանի տարբեր բաժիններ ներկայացնող կին ղեկավարներն այսօր ներկայացրին իրենց փորձը և կառավարման ոլորտում առաջ եկած խնդիրները: Կանանց իրավունքների տուն կազմակերպությունը ծրագրի շրջանակում մշակել է հանդիպումների շարք ոչ միայն քաղաքականության, այլ նաև կառավարման և հասարակական ոլորտներում կին ղեկավարների հետ:
«Այս հանդիպումներին մասնակցելու ցանկություն հայտնած կանանց ու աղջիկների մեծ թիվը վկայում է, որ շատերն են քաղաքականության մասին մտածում, բայց այդ ասպարեզ մուտք գործելու համարձակություն քչերն ունեն: Ի դեպ, հարցը ինչպես ուսանողներին, այնպես էլ աշխատողներին ու տնային տնտեսուհիներին է հուզում»,- նշեց Կանանց իրավունքների տուն կազմակերպության պատասխանատու Կարինե Դավթյանը:
Մարզպետարանում աշխատող կին ղեկավարներն իրենք էլ վկայեցին՝ մի բան է կառավարման համակարգում աշխատելը, այլ բան է քաղաքականություն մտնելը. հատուկ բնավորություն է պետք:
«Կոնկրետ իմ պարագայում քաղաքականությունն իմը չէ: Իմ բնույթով ես ուղիղ նպատակին գնացող մարդ եմ, իսկ քաղաքականությունը ոլորապտույտներ շատ ունի, այնտեղ բախում կունենայի ինքս ինձ հետ: Հետևաբար քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի ոլորանների մեջ չսայթաքելուն»,- ասաց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Հանդիպման անդամները նշեցին՝ եթե շատերի համար քաղաքական գործիչ դառնալն այնքան էլ դժվար չէ, ապա մյուսների համար հեշտ էլ չէ. պետք է լինեն համառ, չընկճվող, պայքարող, կարծրատիպերին «կուլ չգնացող», անհրաժեշտության դեպքում նաև ստելու կարողություն ունեցող: