ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Կառավարությունը չպիտի ավիաընկերություն ստեղծի և ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տա դրան։ Այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օդային փոխադրումների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցին։
«Ազգային կամ պետական ավիափոխադրող ունենալը մեզ համար ստրատեգիական հարց է։ Բայց մեր պատկերացումն այն չէ, որ մենք նման կարգավիճակ շնորհենք որևէ ընկերության, ինչպես որ նախկինում ունեցել ենք նման անհաջող փորձ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ եթե տեղական որևէ փոխադրողի համար պայմաններ են ստեղծվում, նույն պայմաններից պետք է օգտվեն նաև բոլոր տեղական ընկերությունները։
«Մենք քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած «Կորպորասիան Արմենիա» ընկերության հետ։ Փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ պրոբլեմներ ունենք։ Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը և փորձում ենք հասկանալ, թե որքանով է այդ որոշումը համապատասխանում մեր այսօրվա պահանջներին ու ապագա կարիքներին»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ կարծիքներ կան, թե բոլոր վերոհիշյալ որոշումներում Հայաստանի ազգային շահերը հաշվի առնված չեն եղել։ Բայց կառավարությունն իր վերջնական տեսակետը կհայտնի միայն ուսումնասիրությունների ավարտին։