ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ իր հարգալից վերաբերմունքը ԱԺ–ի նկատմամբ թյուր կերպով է մեկնաբանվել` որպես անհարգալից։
Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը` նախարարը նշեց. «Ուզում եմ նաև ասել, որ այսօր իմ բացակայությունն այդ հարցի քննարկման ընթացքում նույնպես մեկնաբանվել է որպես անհարգալից։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի` ԱԺ կանոնակարգը որևէ մասնակցություն ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտեց, որ ԱԺ–ի և ԱԺ պատգամավորների նկատմամբ հարգանքը որևէ այլընտրանք չունի։
Այդուհանդերձ, վարչապետն առաջարկեց.«Եթե դա կարևոր է, չեմ կարծում, թե դժվար է ԱԺ բոլոր քննարկումներին ապահովել ՀՀ կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»։
Նիկոլ Փաշինյանը հրահանգեց քննարկել ու մշակել անհրաժեշտ իրավական փոփոխություններ, որպեսզի նման իրավիճակներ այլևս չլինեն։