ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։
«Սա բացառիկ մարզական միջոցառում է»,– ասաց նա` հավելելով, որ դրա համար ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նախագծով առաջարկում են զինվորական պարտադիր ծառայությունից մեկ տարով տարկետում տրամադրել Հայաստանի հավաքականի 15 ֆուտբոլիստներին։
Առաջնությունն անցկացվելու է հուլիսի 14-26–ը։ Մասնակցելու են 8 երկրի` ՀՀ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականները։
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն էլ հայտնեց, որ մուտքը լինելու է տոմսերով, բայց դրանց գները կլինեն մատչելի։ Խաղերը, նրա խոսքով, կկազմակերպվեն հիմնականում երևանյան մարզադաշտերում, իսկ եզրափակիչը` Վազգեն Սարգսյանի անվան մարզադահլիճում։