Մի երկու օր առաջ «սուտՆիկոլ» նախաձեռնության ակտիվիստները, ինչպես հայտնի է, համանուն գրություններ էին արել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ասֆալտապատ տարբեր վայրերում: Իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստներն էլ այսօր սպիտակ ներկով են «ծածկել» այդ գրառումները:
Ասֆալտանախշման գործընթացը, առնվազն Երևանում, թափ է հավաքում: Գրել-ջնջելու գործը` ևս: Ջնջել ասվածն այս դեպքում այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստները կամ երիտասարդական թևի ներկայացուցիչներն էլ իրենց դուր չեկած գրությունները սպիտակ են ներկել: Այսինքն, ոչ թե լուծիչ նյութերով մաքրել են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախաձեռնության ակտիվիստների գրածները, այլ սպիտակ ներկով «ծածկել» են դրանք:
Քաղաքական պայքարի կամ ակտիվիստական շարժման հետաքրքիր, ավելի հասակավորների մոտ հիմնականում ծիծաղ հարուցող դրսևորում է: Բայց աշխուժություն ու զբաղմունք կա: Համապատասխան տարաներով ներկանյութ վաճառողները պետք է որ գոհ լինեն: Ասֆալտներին գրվածը ներկելը, իհարկե, մեծ գործ է:
Բայց զուտ օրենքի տառի տեսանկյունից այլ բան է հետաքրքիր. ընդդիմադիր կամ իշխանության դեմ հանդես եկող ակտիվիստների ներկագրառումները որակվում էին «վանդալիզմ», իսկ ոստիկանությունն էլ գերօպերատիվ արձագանքեց ու բերման ենթարկեց «սուտՆիկոլ» գրողներին: Ավելին՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար նրանց նկատմամբ արձանագրություններ կազմվեցին ոստիկանությունում: Խախտումն այս դեպքում ասֆալտը ներկելն էր: Հիմա, եթե այդ ներկածի վրա մեկ ուրիշը ներկում է, նույնպե՞ս «վանդալիզմ» է: Լավ, զգացմունքային մոտեցումը մի կողմ. ոստիկանությունը այս մի ներկման դեպքում հասարակական վայրերն օգտագործելու կանոնների խախտում չի՞ տեսնում: Ի վերջո, ներկելը ներկել է: Թե՞ ոստիկանության համար էական է, որ մի դեպքում իշխանությանն ընդդիմադիր դիրքորոշված անձինք էին ներկում (գրում), իսկ այ իշխանության, իշխող կուսակցության ներկայացուցիչներին թույլատրված է և խրախուսվում է ներկանյութ «պզզացնել» իրենց դուր չեկող ասֆալտային գրությունների վրա:
Ռուսական «Ընտրությունների օրը» ֆիլմի այն դրվագը հիշեցի, որ թեկնածուներից մեկի հասցեին պատին գրում են՝ «Ցապլինը գող է»: Ցապլինի քարոզչական թիմը արագորեն սրբագրում է «սև PR»-ի նմուշը, ու ստացվում է՝ «Ցապլինը գողանալ չի թողնի»: