ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ. հիվանդություններից մահացության դեպքերում քաղցկեղը 2-րդ տեղում է` սրտանոթային հիվանդություններից հետո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում. 2017 թվականին դեպքերի թիվը, 2016–ի համեմատ, ավելացել է ընդամենը 0.2%-ով։
«Սակայն 2012 թվականի համեմատ` քաղցկեղի տարածվածությունը 2017-ին աճել է 27%-ով, իսկ հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 8389, ինչը 6%-ով ավելին է` 2012-ի համեմատ: Ելնելով խնդիրի կարևորությունից` առողջապահության նախարարությունը նախատեսում է քաղցկեղի ախտորոշման և բուժման ոչ միայն ֆինանսավորման զգալի ավելացում, այլև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն` մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը կարող է ներկայիս 12 միլիոնից հասնել մինչև 27-ի, իսկ մահերինը` 8-ից 17 միլիոնի:
Ի դեպ, Հայաստանում են ԱՀԿ–ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները։ Այցի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և ներդրման հարցում: Միջազգային փորձագետները հանդիպել են առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության անձնակազմին: Առաքելության ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև այցելություններ ուռուցքաբանական ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններ: