ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը` ապրիլի 11-ին։ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 12:30-ին:
«Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», - քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանի խոսքով` Քոչարյանի ելույթում նորություններ չեն եղել։
«Այսօր դատարանում չհնչեց մի բան, որը չի հնչել նախորդ դատավարությունների ժամանակ», - ասաց Ալումյանը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Նախորդ տարվա հուլիսին Քոչարյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու վստահեցնում, որ նրան առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են։
2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ: