ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Չեխիան աջակցում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը։
Նա նշեց, որ արցախյան խնդիրը բանակցությունների ժամանակ քննարկվել է հայկական կողմի հետ։
Մետնարը նաև ընդգծեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է։ Չեխիան նաև մեծ կարևորություն է տալիս Հայաստանի մասնակցությանը Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ առաքելություններում։
«Մեր օրակարգի կարևոր կետը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակի մշակումն է։ Այդ առումով կարևոր խթան ենք համարում ռազմատեխնիկական համագործակցության մասին այսօր ստորագրած համաձայնագիրը», – ավելացրեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ չեխական արդյունաբերությունը հայ գործընկերներին առաջարկելու բան ունի. դրանք ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշներն են։ Չեխիան հայկական կողմին առաջարկել է նաև չեխական բուհերում ռազմական բժիշկների վերապատրաստում կազմակերպել։