ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Եվրոպայի առաջնությունում ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում 14:8 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վլադիմիր Բուրուկովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով հաղթանակ տոնեց թուրք Ռեջեփ Թոփալի նկատմամբ: Այսպիսով, Հարությունյանը մտավ կիսաեզրափակիչ:
Կեսօրից հետո պարզ դարձավ, որ մեր հավաքականի կազմում ոսկե մեդալ կարող է նվաճել միայն մեկը: Իսկ մեր մարզիկները ներկայացված էին իննը քաշային կարգերում:
Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշների չհաջողվեց հասնել մինչև եզրափակիչ: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացան 65կգ քաշային Վազգեն Թևանյանն ու 70կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Թևանյանը սփոփիչ գոտեմարտի դուրս չեկավ, ամենայն հավանականությամբ` վնասվածքի պատճառով, իսկ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց ռուս ըմբիշին:
Մրցումային երկրորդ օրը ազատ ոճի ըմբշամարտի երկրպագուներին ուրախացրեց միայն Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշային կարգում մեր ըմբիշը 1/8 եզրափակիչում 14:8 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վլադիմիր Բուրուկովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով հաղթանակ տոնեց թուրք Ռեջեփ Թոփալի նկատմամբ: Այսպիսով, Հարությունյանը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ռումինիան ներկայացնող Նիկոլայի Օխլոպկովի հետ:
74 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը պարտվեց վրացի Ավթանդիլ Կենտչաձեյին ու դուրս մնաց մեդալների համար պայքարից: Նույն ճակատագրին արժանացավ նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, ով զիջեց հույն Գեորգիուս Սավուլիդիսին 2:4 հաշվով: 125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը առաջին գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց լատվիացի Դմիտրիս Միխաիլովսին, բայց երկրորդ գոտեմարտում զիջեց թուր Թահա Ակգյուլին: Թուրք ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հաղթանակի դեպքում Գալստյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: