ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Սպայկա» ընկերությունը կպատասխանի տարածված լուրերի հետ կապված բոլոր հարցերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը։
Հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին ձերբակալել են երեկ։
«Այսօր ժամը 15։00-ին մենք մամուլի ասուլիս կտանք և մանրամասն կասենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է», – ասաց Բաղդասարյանը։
Այն հարցին, թե ո՞վ է մամուլի ասուլիս տալու` Ղազարյա՞նը, թե՞ ընկերության այլ կառավարիչներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Առայժմ ոչինչ չենք ասի, սակայն այսօր կհնչեն պատասխանները»։
«Սպայկան» Հայաստանից թարմ միրգ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերություն է, որի արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Հայաստանից տարեկան մոտ 60 մլն դոլարի միրգ ու բանջարեղեն է արտահանվում։
Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ընկերության նոր գործարանի բացմանը։ Այստեղ նիդեռլանդական տեխնոլոգիայով պանիր են արտադրելու, որն արտահանվելու է Ռուսաստան և արաբական երկրներ։