ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սլավոլյուբ Մուսլինը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ չի նշանակվի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։
«Մուսլինի թեկնածությունը երբևէ չի դիտարկվել, և նրա հետ բանակցություններ չեն էլ վարվել»,– ասաց նա։
Նշենք, որ 65–ամյա սերբ մարզիչը ներկա է եղել ապրիլի 3-ին Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակում անցկացված «Արարատ–Արմենիա»–«Ալաշկերտ կիսաեզրափակիչ առաջին խաղին։
Նրա այցից անմիջապես հետո որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ նա գլխավորելու է Հայաստանի ազգային հավաքականը։
Մեր աղբյուրների համաձայն` Հայաստանի հավաքականը գլխավորելու հետ կապված որոշակի բանակցություններ, այնուամենայնիվ, եղել են Մուսլինի հետ, բայց կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Մի կողմից` բանակցությունների տարբերակը լիովին հնարավոր է` հաշվի առնելով Հայաստանի հավաքականի արդյունքները: Մյուս կողմից էլ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ կա գործող պայմանագիր, ու առայժմ ոչ մի անգամ չի խոսվել նրան պաշտոնից ազատելու կամ նրա հրաժարականի մասին:
Նաև կա վարկած, որ Մուսլինը լավ հարաբերությունների մեջ է «Ալաշկերտ» ակումբի ղեկավարության հետ և մեր երկիր էր եկել պարզապես Հայաստանի գործող չեմպիոնի հերթական խաղին ներկա լինելու նպատակով: Համենայնդեպս «Ալաշկերտում» էլ նրա թեկնածությունը թիմի մարզչի պաշտոնում առայժմ չի դիտարկվում: Ստացվում է, որ Մուսլինը եկավ ու գնաց ու ամեն ինչ իր տեղում մնաց:
Նշենք, որ Սլավոլյուբ Մուսլինն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է 2 տասնյակից ավելի թիմեր, եղել է նաև Սերբիայի ազգային հավաքականի մարզիչը։