ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Առողջապահության բնագավառի ամերիկացի փորձագետները Fortnite խաղացողներին համեմատել են թմրամոլների հետ։ Այս մասին տեղեկացնում է Bostonglobe-ը։
Բոստոնի մանկական հիվանդանոցի ինտերակտիվ մեդիայի կլինիկայի տնօրեն Մայքլ Ռիչը ասել է, որ Fortnite խաղացողները չեն հաճախում դպրոց, հրաժարվում են հասարակական գործունեությունից և դադարում են զբաղվել սպորտով։ Նա նաև նշել է, որ իր կլինիկայի հիվանդներից մեկը նույնիսկ կոտրել է ծնողների մեքենան, քանի որ մտածել է, թե իր ծնողներն այնտեղ են պահել գաջեթը, որով խաղացել է իր սիրած խաղը։
Մյուս բժիշկներն էլ վստահեցրել են, որ այս խաղով տարված երեխաներից շատերի մոտ քաշի կորուստ է գրանցվել, քանի որ նրանք նույնիսկ հաց ուտելու համար էլ պատրաստ չեն ընդմիջել խաղը։ Մյուսներն էլ նշել են, որ սա նման է թմրամոլների ծնողների հետ աշխատանքին։
Որոշ լրագրողներ էլ կարծում են, որ կախվածությունը հենց խաղի մեջ է թաքնված, քանի որ խաղն անվերջանալի մրցանակներ է տալիս կատարված առաջադրանքների համար։
Fortnite համակարգչային խաղը թողարկվել է 2017 թվականին։ Խաղը հիմնված է օրվա ընթացքում ռեսուրսներ հավաքելու և գիշերը գոյատևելու սկզբունքի վրա: