ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանը լավ օրինակ է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների համար մեծ փոփոխություններ իրականացնելու ու պետական կառավարման որակը բարձրացնելու առումով։ Այս մասին այսօր ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` ծրագրի մեկնարկի 10–ամյակին նվիրված Երևանում կայացած ֆորումի ընթացքում։ Նա կարծում է, որ երկրում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը։
Սվիտալսկու խոսքով` այսօրվա ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի հայկական կողմը ընդգծի` ինչ ուղղությամբ է ուզում համագործակցել «Արևելյան գործընկերության» հետ։
ԵՄ դեսպանը վստահեցրել է նաև, որ «Արևելյան գործընկերության» ծրագրում թաքնված ոչ մի օրակարգ չի եղել, ամենասկզբից եղել է գաղափար ամրապնդել հարաբերությունները Եվրամիության ու արևելյան հարևանների հետ։
Նա վստահ է, որ նախորդ տասը տարիների ընթացքում ծրագիրն իր դրական ու չափելի արդյունքներն է տվել։ Սվիտալսկին հիշեցրել է, որ ԵՄ–ն չեղարկել է վիզային ռեժիմը «Արևելյան գործընկերության» անդամ վեց երկրներից երեքի համար, ինչը կարևոր է հասարակ քաղաքացիների համար։ Դիվանագետի խոսքով` Եվրամիության տրամադրած գումարների շնորհիվ գործընկեր երկրներում հազարավոր աշխատատեղեր են բացվել։
Դեսպանը նաև ընդգծել է, որ առաջիկայում կկայանա ծրագրի մասնակից պետությունների ղեկավարների հանդիպումը համագործակցության հետագա հեռանկարների քննարկման համար։