Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին և զորակցության խոսքեր ասել: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Եռաբլուրում» մատուցվել է հոգեհանգստի կարգ:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։