ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Կրակոցներ են հնչել Երևանի Շահումյան փողոցում։ Ապրիլի 1-ին, ժամը 21։30-ին «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա անհատ ձեռներեց Ավետիս Բարսեղյանն է։ Նա վնասվածքը ստացել է Երևանի Շահումյան փողոցում։
Ըստ նախնական վարկածի` նույն օրը երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիս Բարսեղյանի և նույն փողոցի բնակիչ՝ 49-ամյա Արթուր Ավագյանի միջև։ Վիճաբանության ընթացքում վերջինը իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել և հրազենայի վնասվածք հասցրել Բարսեղյանին։
Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։