ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Այս տարի «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի շրջանակներում թելադրությունը նաև արևմտահայերենով կլինի։ Այս մասին տեղեկանում ենք Կրթության և գիտության նախարարությունից։
Թելադրությունը կանցկացվի մարտի 30-ին, ժամը 13.00-ին, միաժամանակ մի քանի հարթակներում` Երևանում և մարզերում։ Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ու ստուգել իրենց հայերենի իմացությունը։
«Ծրագիրը նպատակաուղղված է հայերենի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը։ Գնահատականն ուղարկվելու է յուրաքանչյուր մասնակցի և չի հրապարակվելու: Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Հովհաննես Թումանյանի 150-ամյակի հետ»,–տեղեկացնում են նախարարությունից:
Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նախագծի շրջանակում թելադրություն կտա Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոցում։
Նշենք, որ ավելի քան 40 հարթակ միացել է շարժմանը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Գյումրու Հայորդաց տունը, Էջմիածնի Էօրնեկեան, Վանանդի, Անիպեմզայի, Գավառի թիվ 7 միջնակարգ, Աբովյանի թիվ 10 հիմնական և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցները:
Այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, թելադրություն անցկացնելու հարթակներ են բացվել նաև մի շարք երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում, Չեխիայում, Շվեյցարիայում, Սիրիայում: