ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Արմեն Սարգսյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի աշխատակիցներից առաջարկ ստացել է, բայց թատրոնի տնօրենի պաշտոնին հավակնելու վերջնական որոշում չունի:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը:
«Օպերայի արտիստների կողմից ստացել եմ տնօրենի պաշտոնին հավակնելու առաջարկ, բայց, քանի դեռ մրցույթ հայտարարված չէ, ես որոշում չեմ կայացրել»,- մանրամասնեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ ոչինչ չունի Կոստանտին Օրբելյանի անձի դեմ, հարգում է նրան որպես արվեստի գործիչ և միանշանակ կողմ է հարցի իրավական և քաղաքակիրթ ճանապարհով լուծմանը:
Մամուլում արդեն սկսել են շրջանառել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին հնարավոր փոխարինողների անուններ. այդ շարքում են օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնից տեղեկություն տարածվեց, որ տնօրենն ազատվել է աշխատանքից: